Անհամարձակ քամի
Քարայրից այն կողմ մի վիթխարի ձոր էր բացվում: Աշունը մտել էր ձորը: Ձորալանջերն ի վար կարծես աշնանային հրդեհներ էին բռնկվել: Ծառերն ամենուր դեղնել էին, սկսվել էր տերևաթափը: Աշնան խաշամը ամենուր էր: Հանկարծ քամի բարձրացավ: Աշնան քամին մի պարտականություն ուներ. պոկել բոլոր դեղնած տերևները: Նա շատ ոգևորված կատարում էր իր պարտականությունը՝ անխնա պոկում էր տերևները, մինչև հանդիպեց աշնանային մասրենուն: Փշոտ մասրենին այնքա՜ն գեղեցկացել էր, այնքա՜ն հրաշալի տեսք ուներ այդ դեղին զգեստով: Քամին ցանկանում էր կանգ առնել, հիանալ այդ գեղեցիկ տեսարանով: Նա պտտվեց մասրենու շուրջը, գրկեց նրան և ուզում էր մասրենուն պաշտպանել գալարվող աշնան հրդեհից: Բայց մշուշների շղարշը պատեց ձորը: Ամպերն իջան ձորի վրա: Հորդառատ անձրևը հաղթեց անհամարձակ քամուն: Քամին փարվեց մասրենու ճյուղերին և հանգչեց նրա տերևներին: