Հնդկաստանը IV-XVII դարերում

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրեք Հնդկաստանի վիճակը միջնադարի շեմին:

Հնդկաստանը միջնադար թևակոխեց մասնատաված վիճակում: Երկիրը բաժանված էր բազմաթիվ իշխանությունների, որոնց գլխին կանգնած էին արքայիկները’ ռաջաները: Հնդկաստանի հյուսիսում կառավարող ռաջաներից մեկը՝ Չանդրագուպտան, IV դարում Գանգես գետի հովտում ստեղծեց Գուպտաների պետությունը: Վերջինս հզորացավ և իր սահմաններում ընդգրկեց Հնդկաստանի մեծ մասը: Չնայած այն գոյություն է ունեցել ընդամենը երկու դար, սակայն կարևոր դեր է խաղացել Հնդկաստանի պատմության մեջ:

2. Ինչ փոփոխություններ կատարվեցին Հնդկաստանում Գուպտաների օրոք:

Գուպտաների օրոք փոփոխվեց հասարակության սոցիալական կառուցվածքը: Նախկին չորա հիմնական կաստաները վերածվեցին չորս դասերի, որոնք բաժանվեցին բազմաթիվ ենթադասերի: Բրահմանների և քշատրիների կաստաները դարձան քրմական և զինվորական դասեր, որոնց ձեռքում էր պետական իշխանությունը: Իսկ վայշիներն ու շուդրաները ներկայացնում էին ցածր դասերը: Տարբեր դասերի ներկայացուցիչների միջև արգելված էր ամուսնությունը, ինչպես մի դասից մյուսին անցումը: Հնդկաստանում այդ ժամանակ տիրապետող կրոն դարձավ հինդուիզմը: Տարածում ուներ նաև բուդդայականությունը: Հինդուիզմի դիցարանի գլուխ կանգնած էին երեք աստվածներ՝ Բրահման, Վիշուն և Շիվան:

Օրինակ՝ Գանգեսը համարվում է սուրբ գետ, կովը՝ սուրբ կենդանի և այլն:

3. Ի՞նչ դեր է ունեցել Դելիի սուլթանությունը Հնդկաստանի պատմության մեջ:

Հնդկաստանը XI–XII դարերում բազմիցս ենթարկվեց հարևան Ղազնևիների թյուրք–իրանական պետության արշավանքներին: Երկրի հյուսիսում 1206 թ. հիմնադրվեց մի պետություն, որը մայրաքաղաքի անունով կոչվել է Դելիի սուլթանություն: Շուտով սուլթանությունը տիրեց ողջ Հնդկական թերակղզուն: Երկրում սկսեց տարածվել իսլամը:

Տեղի ունեցան նոր փոփոխություններ հասարակության կյանքում: Հաստատվեց հողատիրության մուսուլմանական համակարգը, ամբողջ հողը համարվում էր սուլթանի սեփականությունը:

Զարգացավ ներքին և արտաքին առևտուրը, դրա հետ կապված՝ վերելք ապրեց քաղաքային կյանքը: Նշանավոր նավահանգիստներ էին Գոան, Կալիկութը, հայտնի էին նաև Ագրա, Լահոր քաղաքները:

Սակայն երկրի վերելքը շուտով ընդհատվեց: Լենկ Թեմուրը հսկայական զորքով 1398 թ. ներխուժեց Հնդկաստան, գրավեց ու թալանեց Դելին: Նրա հեռանալուց հետո Հնդկաստանում սրվեց պայքարը տեղական և մուսուլման ավատատերերի միջև: Դրա հետևանքով զգալիորեն թուլացավ երկրի պաշտպանունակությունը:

4. Ե՞րբ և ո՞վ է հիմնադրել Մեծ Մողոլի կայսրությունը: Ինչո՞ւ է տերությունն այդպես կոչվել:

1526 թ. Հնդկաստան արշավեց Լենկ Թեմուրի թոռ Բաբուրը: Նրա բանակը հրետանի և մարտունակ հեծելազոր ուներ: Բաբուրը պարտության մատնեց սուլթանին, գրավեց Դելին և իրեն հռչակեց շահ: Նորաստեղծ տերությունը ստացավ Մեծ Մողոլի կայսրություն անվանումը: Տերությունն այդպես կոչվեց, որովհետև Բաբուրն իրեն համարում էր Չինգիզ խանի հետնորդ։

5. Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Հնդկաստանում շահ Աքբարի կառավարման տարիներին:

Կայսրությունը հզորացավ հատկապես շահ Աքբարի օրոք (1556–1605 թթ.): Ընդարձակվեց պետության տարածքը:

Աքբարը ճկուն քաղաքականություն էր վարում, որպեսզի հաշտեցնի և համախմբի հինդուիզմի հետևորդներին ու մուսուլմաններին:

Աքբարը ծառայության էր վերցնում հնդիկ ավատատերերին, հովանավորում վաճառականներին: Նրա հովանավորությունից օգտվում էին նաև Հնդկաստանում հաստատված հայ վաճառականները: Վերելք ապրեցին արհեստները, առևտուրը:

Դելիում կառուցվեցին բազմաթիվ պալատներ, շենքեր: Աքբարը կառուցապատեց երկրորդ մայրաքաղաքը՝ Ագրան:

6. Միջնադարում մշակութային ի՞նչ նվաճումներ արձանագրվեցին Հնդկաստանում։

Միջնադարում հնդկական մշակույթը հարստացավ նոր նվաճումներով:

Գուպտաների դարաշրջանում վերելք ապրեցին ճարտարապետությունը, գրականությունը, մաթեմատիկան, աստղագիտությունն ու բժշկությունը։

Ճարտարապետության հռչակավոր կոթողներից են Աջանտայի և Էլլուրի ժայռափոր տաճարները: Դրանց ներսը զարդարում են գեղեցիկ որմնանկարները և քանդակները:

Այս դարաշրջանի գրականության հանճարեղ հեղինակ է բանաստեղծ Կալիդասան: Նրա ոգեշնչման գլխավոր աղբյուրներն էին հայրենի բնությունն ու ժողովրդի կյանքը:

Հնդկական մշակույթը վերելքի մի նոր շրջան ապրեց XVI–XVII դարերում: Այս ժամանակաշրջանի ճարտարապետական կառույցների մեջ աչքի են ընկնում տաճարները, մզկիթները, պալատները, ամրոցները և այլն: Իրենց ահռելի չափերով հայտնի են Աքբարի կառուցած երկու պալատ–ամրոցները Դելիում և Ագրայում: Համաշխարհային արվեստի գլուխգործոց է շահ Ջահանի օրոք կառուցված Թաջ Մահալ մզկիթ դամբարանը Ագրայում: Իրճերմակության և անկրկնելի գեղեցկության համար այն ստացել է «Հնդկաստանի մարգարիտ» անվանումը: